Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի իրականացումը ռուս խաղաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում: Զրուցակիցները դիտարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակցելուն ուղղված ՄԱԿ-ի համակարգերի կազմակերպման հնարավորությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: