Իրանի դատական իշխանություններն աշխատանքային խումբ կձեւավորեն միջուկային ֆիզիկոսի սպանությունը հետաքննելու համար
Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է հատուկ աշխատանքային խումբ ձեւավորել միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը հետաքննելու համար, հաղորդում է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը:
«Գլխավոր դատախազը զինված ուժերի գլխավոր շտաբի, զինված ուժերին առընթեր դատական կազմակերպության, հետախուզության եւ անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ կձեւավորի հատուկ աշխատանքային խումբ սպանության կազմակերպիչների եւ կատարողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար»,-հայտնել է գործակալությունը:
Նոյեմբերի 27-ին Fars գործակալությունը հայտնել է Դամովենդ քաղաքում Ֆահրիզադեի դեմ մահափորձի մասին, ով ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների կենտրոնը: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ գիտնականը վիրավորում է ստացել եւ մահացել հիվանդանոցում: