Մոսկվա-Չժենչժոու չվերթը չեղարկվել է 190 ուղևորի COVID-19-ի թեստերի միանման պատասխանների պատճառով
Ռուսական «Իկար» ավիաընկերության Մոսկվա-Չժենչժոու չվերթը չեղարկվել է այն բանից հետո, երբ 190 ուղևորի COVID-19-ի հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքները նույնն են եղել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ-ում Չինաստանի դեսպանատանը հղումով։
«Նոյեմբերի 25-ին, երբ ՉԺՀ դեսպանատունը ստուգում էր «Իկար» ավիաընկերության Մոսկվա-Չժենչժոու EO429 չվերթի ուղևորների կորոնավիրուսի նուկլեինաթթվի թեստերի և COVID-19-ի հակամարմինների հայտնաբերման շճաբանական հետազոտության արդյունքները, հայտնաբերվել է, որ 190 ուղևորի շճաբանական հետազոտության արդյունքները բացարձակապես նույնն են», - ասված է դեսպանատան՝ WeChat սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ նման արդյունքները չեն երաշխավորում թեստերի հուսալիությունը, ուստի ուղևորներին չի տրամադրվել թռիչքի համար անհրաժեշտ «առողջության ծածկագիրը»։
Ինչպես պարզել է դեսպանատունը, «ավիափոխադրիչը կազմակերպել է կենտրոնական թեստավորում» բոլոր ուղևորների համար։ Ո՛չ ավիաընկերությունում և ո՛չ էլ թեստավորումն անցկացրած կազմակերպությունում չեն կարողացել բացատրել միջադեպի պատճառը։ Դեսպանատունը դիմել է ավիաընկերությանը՝ նոր թեստեր անցկացնելու, Մոսկվայում մնացած ուղևորներին տեղակայելու և նրանց օրինական իրավունքների ու շահերի կատարումն ապահովելու պահանջով։
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները նոր կանոններ են սահմանել երկիր մուտք գործել ցանկացողների համար՝ պահանջելով ներկայացնել ոչ միայն ՊՇՌ թեստավորման պատասխանը, այլև նախապես COVID-19-ի հակամարմինների շճաբանական հետազոտություն անցնել։ Նման միջոցների ձեռնարկումը պայմանավորված է վարակման «ներկրված» դեպքերի թվի աճով։ Միայն այս երկու թեստի պատասխանի հիման վրա են ուղևորներն ստանում «առողջության ծածկագիր», որը հարկավոր է թռիչքի համար։