Ռազմական դրությունը շարունակում է պահվել, որ հայրենիքի կորստի դեմ ձայն բարձրացնողներին լռեցնեն, ապօրինի խափանման միջոցներ կիրառեն և հավաքներին ու ցույցերին խոչընդոտեն․ քաղաքացի
Ինչպես արդեն նշել էինք, այսօր բողոքի ակցիա էր ընթանում ԱԺ դիմաց:
Մենք այսօր Ազգային ժողովի դիմաց ենք, քանի որ նախատեսված է նիստ՝ ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով: Հորդորը իրականում մեկն է․ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները պարտավոր են ներկայանալ և կողմ քվեարկել ռազմական դրության չեղարկմանը, որովհետև ռազմական դրությունը գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար, և որևէ այլ պատճառ ռազմական դրության շարունակման համար չկա. Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ռազմական դրության չեղարկման պահանջով իրականացվող ակցիայի ժամանակ նշեց քաղաքացի Քրիստինե Վարդանյանը:
«Ռազմական դրությունը շարունակվում է պահվել, որ հայրենիքի կորստի դեմ ձայն բարձրացնողներին լռեցնեն, ապօրինի խափանման միջոցներ կիրառվեն մեր դեմ և այսպիսի հավաքներին ու ցույցերին հնարավորինս խոչընդոտեն, այսինքն՝ մարդկանց արդար զայրույթի բողոքի ձայնը լռեցնեն: Ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել են, որ այս նիստը կայանա, ռազմական դրությունը չեղարկվի, որ մենք հնարավորություն ունենանք սահմանադրական ճանապարհով տուն ճանապարհել Նիկոլ Փաշինյանին, և հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ լինեն, և հանրությունը ընտրի իր կամքով մեր երկրի լեգիտիմ իշխանություններին»,- նշեց նա:
Քրիստինե Վարդանյանը նշեց, որ բազմաթիվ երիտասարդներ, քաղաքացիներ ակցիաների և սոցցանցերի միջոցով նշել են, որ բոլոր գործիքներով պայքարելու են, և նրանք, ովքեր ԱԺ-ում աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, պատասխանատու են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև ժողովրդի առջև: