ՆԱՏՕ-ն ենթադրում է, որ Բայդենը եվրոպացիների նկատմամբ նույնչափ ճնշում կգործադրի, որքան Թրամփը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Funke Mediengruppe հրատարակությանը հայտնել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի պես եվրոպացիներից պաշտպանության ոլորտում կատարվելիք ծախսերի ավելացում է ակնկալելու, գրում է dw.com կայքը:
Ստոլտենբերգի կարծիքով՝ Թրամփը եվրոպացիների հետ շփման մեջ իր «սեփական ոճն» է ունեցել, և իր սպասումները «բավականին պարզ» է արտահայտել: Գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ նոր ընտրված նախագահ Բայդենը խոսելու է նմանատիպ ակնկալիքների մասին:
Միևնուն ժամանակ Ստոլտենբերգը Բայդենին գնահատել է որպես «դաշինքի ուժեղ կողմնակից», որը շատ լավ գիտի ՆԱՏՕ-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև դաշնակից երկրներին հորդորել է չհրաժարվել իրենց նպատակից, այն է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով պաշտպանությանն ուղղված ծախսերին իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնել:
«Հիմա ամենադժվար խնդիրն այն է, որ թույլ չտանք, որ համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամը ոչ միայն առողջապահության, այլև անվտանգության ոլորտի ճգնաժամի վերածվի: Հետևաբար պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք (պաշտպանության ոլորտում՝ խմբ.)»,- ընգծել է նա և հավելել, որ համավարակի ընթացքում անվտանգության ոլորտի սպառնալիքներն ու մարտահրավերները չեն վերացել. Ռուսաստանը շարունակում է զենքեր կուտակել, «Իսլամական պետությունը» փորձում է վերականգնել դիրքերը Սիրիայում և Իրաքում:
Բացի այդ, ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ուժերի գլոբալ հավասարակշռությունը փոխվում է Չինաստանի հզորության ավելացման ցուցանիշով պայմանավորված: