Այս աստիճան բռնապետական ճնշումներ երբեք չեն եղել. Ռուբեն Մելիքյանը ոստիկանության բաժնի դիմաց է. News.am (Տեսանյութ)
Բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ ոչ թե կիրառվել է վարչական իրավախախտում, այլ քրեական դատավարության շրջանակներում մտցված ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածն է կիրառվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը քիչ առաջ դուրս եկավ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից։
Նա բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար էր այնտեղ։
«Մենք դեմ ենք մեր արժանապատվության նվաստացմանը։ Դեմ ենք, որ այն մարդիկ, որոնք հեղինակը հանդիսացան մեր ժողովրդի արժանապատվությունը նվաստացնելուն, թշնամու առջեւ ծնկելուն, որպեսզի այդ մարդիկ շարունակեն իրենց պաշտոնավարումը։ Փողոց փակելը որպես Հայաստանում գործողություն բոլորս գիտենք, որ սկսած 2018 թվականից իրավաչափ բողոքի արտահայտման ձեւ է համարվում։ Հիմա պատճառաբանում են, որ ռազմական դրություն է գործում, բայց բոլորիս համար հասկանալի է, որ այս ռազմական դրության միակ նշանակությունը բողոքի եւ ընդվզման ալիքները ճնշելն է։ Բացարձակապես ոչ իրավաչափ է այս պահին պահպանելը ռազմական դրությունը։ Այս ամենը ռեպրեսիվ փորձեր են այն մարդկանց կողմից, որոնք իրենց համարում եւ դիրքավորում էին որպես ժողովրդավար»,- նշեց նա։
Մելիքյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում այս աստիճանի բռնապետական ճնշումներ երեւէ չեն եղել։
«Բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներ կան, որոնց չէին կարողանում անգամ տեղավորել։ Տեղափոխում են Երեւան քաղաքի քննչական վարչություն, որպեսզի գործը հանձնեն քննչական մարմիններին, որ իրենք որոշեն՝ ինչպիսի ընթացք ալ գործին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։