Կորոնավիրուսը հարվածում է թանկարժեք ապրանքանիշերին. վաճառքների ծավալը կկրճատվի գրեթե մեկ քառորդով
Լաքշարի ապրանքների` ֆիրմային հագուստի, ոսկերչական իրերի եւ գեղեցկության արտադրանքի վաճառքները կկրճատվեն գրեթե մեկ քառորդով, քանի որ համավարակը կչեղարկի ավելի քան վեց տարվա աճը: Այս մասին ասվում է Bain խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ:
Ակնկալվում է, որ 2020 թվականին ոլորտը 217 միլիարդ եվրո եկամուտ կստանա` 2014-ից 2 միլիարդ եվրոյով պակաս եւ 64 միլիարդ եվրոյով պակաս, քան 2019 թվականին էր, ասված է Altagamma իտալական էլիտար արտադրողների ասոցիացիայի կողմից պատրաստված կիսամյակային հետազոտության մեջ, փոխանցում է AP-ն:
Սա առաջին անկումն է 2009-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր, երբ 9 տոկոս անկում էր գրանցվել:
Համավարակից հետո ցանկացած վերականգնման ժամկետը մնում է անորոշ, քանի որ վիրուսի նոր տարածումը երկրներին ստիպում է կրկին փակել մանրածախ առեւտուրը եւ զբոսաշրջությունը: Ինչպես հարցազրույցում Bain-ի գործընկեր Կլաուդիա Դ'Արպիցիոն, շատ բան կախված է պատվաստումների գործընթացի մեկնարկից:
2021 թվականի աճի կանխատեսումները գտնվում են անսովոր մեծ տիրույթում` 10-19 տոկոսի սահմաններում: Ակնկալվում է, որ ապրանքանիշների շահույթն այս տարի կնվազի 60 տոկոսով, իսկ հաջորդ տարի կաճի միայն կիսով չափ:
Ենթադրվում է, որ Չինաստանը, որտեղ շուկան արդեն բարելավվում է, կգլխավորի տենդենցը: Բեյնը համաշխարհային տնտեսական վերականգնում է կանխատեսում 2022-2023 թվականների ընթացքում, մինչեւ 2025 թվականը չինացի հաճախորդներին բաժին կընկնի բոլոր վաճառքների կեսը:
Համավարակն արագացնում է անցումային գործընթացները, որոնք արդեն տեղի են ունենում այս ոլորոտում, այդ թվում` անցումն առցանց գնումներին, շեշտը կայունության եւ բազմազանության վրա, երիտասարդ սերնդի աճող դերը եւ թվային պլատֆորմների փորձարկումները: