Լավրովը Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում և հետագա միջնորդական ջանքերին առնչվող հարցեր
Նոյեմբերի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ձևավորվող իրավիճակը Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ լիակատար հրադադար հաստատելու մասին համատեղ հայտարարությունից հետո, որը կնքվել է նոյեմբերի 9-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման մասին նախօրեին հայտնել էին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: