Թրամփը Մակրոնին Ֆրանսիայի վարչապետ է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրում է կատակել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի սխալների վերաբերյալ, սակայն շաբաթ օրն ինքն է սխալվել` «իջեցնելով» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնը, փոխանցում է AFP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Միչիգանում նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Միացյալ Նահանգների նախագահը պատմել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ հին առեւտրային համաձայնագրի մասին` այն Ամերիկայի համար վատ գործարք անվանելով եւ ընդգծելով նոր բանակցությունների անհրաժեշտությունը:
Դրանից հետո խոսել է Էմանուել Մակրոնի եւ Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի մասին:
Թրամփը, ով կասկածի տակ է դնում գլոբալ տաքացման վերաբերյալ գիտական պնդումները, հիշեցրել է, որ 2017-ին հանել է ԱՄՆ-ին այս նշանակալի գործարքից` հայտարարելով, որ դա ամերիկյան աշխատատեղեր է արժեցել:
«Եվ ինձ շատ է դուր գալիս վարչապետ Մակրոնը: Բայց ես հարցրեցի. «Ինչպե՞ս են այնտեղ ձեր գործերը: Ինչպե՞ս է ընթանում համաձայնագիրը: Նրանց գործերն այդքան էլ լավ չեն»,- նշել է ԱՄՆ նախագահը: