Ֆրանսիան 1 մլրդ եվրո կհատկացնի ընկերություններին` գիշերային պարետային ժամի հետեւանքները մեղմելու համար
Ֆինանսների նախարար Բրունո Լե Մաիրը 1 միլիարդ եվրո լրացուցիչ աջակցություն է խոստացել ֆրանսիական ընկերություններին Փարիզում եւ ութ խոշոր քաղաքներում, որոնք տուժում են կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված գիշերային պարետային ժամի հետեւանքներից, փոխանցում է Reuters- ը:
Լե Մերը նաեւ հայտնել է, որ հյուրընկալության ոլորտում գործող ընկերությունները կազատվեն սոցիալական հարկից, եթե պարետային ժամի արդյունքում դրանց եկամուտներն ընկնեն ավելի քան 50 տոկոսով:
«Պարետային ժամի ընթացքում նոր միջոցառումները մոտ 1 միլիարդ եվրո կարժենան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լե Մերը: Նա նաեւ բանկերին խնդրել է հետաձգել կառավարության կողմից երաշխավորված վարկերի տոկոսադրույքների վճարումը հյուրանոցային, ռեստորանային եւ ժամանցի արդյունաբերության դժվարությունների բախված ընկերությունների կողմից:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ 12000 ոստիկան կապահովի պարետային ժամի վերահսկումը Փարիզում, Թուլուզում, Մարսելում, Մոնպելյեում, Գրենոբլում, Ռուանում, Լիլում, Լիոնում եւ Սենթ Էթյենում: Պարետային ժամը տարածվում է ընդհանուր շուրջ 20 միլիոն մարդու` Ֆրանսիայի բնակչության գրեթե մեկ երրորդի վրա: Պարետային ժամի ցանկացած խախտում տուգանվելու է 135 եվրոյով: