Johnson & Johnson-ը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները
Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները դադարեցրել է մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերված «անհասկանալի հիվանդության» պատճառով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք COVID-19 [կորոնավիրուսի առաջացրած հիվանդության] դեմ պատվաստանյութի դեղաչափերի հետագա [բաշխումը] մեր բոլոր փորձարկումների շրջանակում, ներառյալ երրորդ փուլը, փորձարկումների մասնակիցներից մեկի մոտ անհասկանալի հիվանդության պատճառով»,- նշված է մամուլի հաղորդարության մեջ։ Ընկերությունից նշել են, որ հիվանդի ստուգումն ու վիճակի գնահատումը կատարում է Հետազոտության սուբյեկտների տվյալների եւ անվտանգության մոնիտորինգային անկախ կոմիտեն (DSMB), ինչպես նաեւ մի շարք մասնագետներ։
Սեպտեմբերի 25-ին medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ ամերիկյան ընկերության մշակած պատվաստանյութը կայուն իմունային պատասխան էր առաջացրել կլինիկական փորձարկումների առաջին փուլի եւ երկրորդ փուլի առաջին շրջանի ընթացքում։
Սեպտեմբերի 23-ին Johnson & Johnson-ը սկսել էր իր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Հետազոտությանը մասնակցում է 3 մայրցամաքների 8 երկրներից 60 հազար կամավոր։ Ընկերությունում հույս ունեն, որ եթե ապացուցվի պատվաստանյութի արդյունավետությունը, ապա առաջին խմբաքանակները հավաստագրման համար պատրաստ կլինեն արդեն 2021 թվականի սկզբին։
ԱՄՆ իշխանությունները 1,2 մլրդ դոլար են հատկացրել բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությանը, որ պատվաստանյութ է մշակում Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականների հետ համատեղ։ Դրանից բացի, Վաշինգտոնի վարչակազմն այս նպատակի համար 486 մլն դոլար է հատկացրել ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությանը եւ 456 մլն դոլար՝ Johnson & Johnson-ին։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ են զբաղվում նաեւ Merck եւ Pfizer ընկերությունները։ Սպիտակ տան տեղեկացմամբ՝ ԱՄՆ վարչակազմն այս նախագծերի մեջ ընդհանուր առմամբ ներդրել է 12 մլրդ դոլար։