Ինչպես նկատում եք՝ շատ ոգեւորված չեմ, որ ընտրվել եմ ՍԴ նախագահ. Արման Դիլանյան
Հիմա էլ եմ այն կարծիքին, որ ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին, ՍԴ աշխատակարգային նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը։
«Ինչպես նկատում եք այնպես չի, որ շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ ՍԴ նախագահ, որովհետև պատկերացնում եմ՝ ինչ տեսակի պատասխանատվություն է և ինչ տեսակի աշխատանք է մեզ ապագայում սպասվում»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք ՍԴ-ի ճգնաժամն այս ընտրությամբ հանգուցալուծվե՞ց, Արման Դիլանյանն ասաց. «Ես իմ հայացքներն ուղղում եմ բացառապես ապագա։ Անցյալի հետ կապված գիծ եմ քաշում և գնում դեպի ապագա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող ՍԴ»։
Հարցին՝ ինքն ինչպե՞ս է պատկերացնում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախկին նախագահի հետ համատեղ աշխատանքը՝ Դիլանյանն ասաց. «Իմ կարծիքով՝ չկա դժվարություն, որ հաղթահարելի չլինի»։
Նա նշեց, որ քվեարկությանը մասնակցել են բոլոր 9 դատավորները, իր թեկնածությանը կողմ է քվեարկել 6 դատավոր։
Նշենք, որ ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվել է, որը կշարունակվի այսօր ժամը 11։00-ին։ Այսօր տեղի կունենա փոխնախագահի ընտրությունը։