Լիբանանն ու Իսրայելը պատրաստվում են անուղղակի բանակցությունների՝ ծովային վիճելի սահմանի շուրջ
Լիբանանը կողմնորոշվել է պատվիրակության կազմի հարցում, որը Իսրայելի հետ անուղղակի բանակցություններ կվարի՝ երկու երկրների միջեւ ծովային վիճահարույց սահմանի շուրջ, հայտնում է AP-ը:
Լիբանանը եւ Իսրայելը համաձայնության են եկել ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունների շրջանակի շուրջ։ Բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շտաբում, որը Լիբանանի հարավում սահմանամերձ Նակուրա քաղաքում է:
Իսրայելը եւ Լիբանանը չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ տեխնիկապես պատերազմական վիճակում են: Նրանցից յուրաքանչյուրն իր բացառիկ տնտեսական գոտիների սահմաններում հավակնում է Միջերկրական ծովի շուրջ 860 քառակուսի կիլոմետրի:
Լիբանանի պաշտոնյաները փորձագետների խումբ են ուղարկել` ցույց տալու, որ այս շաբաթ Իսրայելի հետ բանակցությունները զուտ տեխնիկական բնույթ են կրում եւ երկու երկրների հարաբերությունների որեւէ կարգավորում չեն նշանակում: