«Մեզ համար էլ էր անակնկալ, որեւէ դժգոհություն չի եղել». Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարն ազատվել պաշտոնից
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին պաշտոնից ազատելն անակնկալ էր մեզ համար, որեւէ բացատրություն, պատճառաբանություն դեռ չունենք: NEWS.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն այսպես է մեկնաբանել օրեր առաջ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնանկությունը:
«Չեմ կարող ասել, թե ինչը կարող էր պաշտոնանկության համար առիթ լինել, բնականոն հունով աշխատանքները գնացել են, ամեն ինչ նորմալ է եղել, եկել եմ տուն եւ երեկոյան ինձ ուղարկել են ազատման հրամանը: Դա մեզ համար էլ էր անակնկալ: Պարոն Ավետիսյանի հետ մի անգամ եմ խոսել, ասեց կզանգահարի, բայց մինչեւ հիմա դեռ չի զանգահարել: Հաշվետվությունը ներկայացրել ենք, ոչ մի դժգոհություն չի եղել, ի գիտություն է ընդունվել եւ դրանից հետո պաշտոնանկության հրամանն ենք ստանում»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է պաշտոնանկության պատճառ օղիներից թունավորման դեպքերը լինեն, ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը ասաց, որ չի կարծում, քանի որ իրենք պատասխանատու չեն տնայնագործ պայհմաններում պատրաստված մթերքին եւ դրա հետ կապված խնդիրներին:
«Մեր սահմանային հսկողությամբ մեթիլ սպիրտ չի անցել, մնացածն իրավապահների տիրույթում է գտնվում»,- ասաց նա:
Անուշ Հարությունյանի խոսքով` Գեորգի Ավետիսյանին այժմ փոխարինում է նրա տեղակալը` Նարեկ Հայրապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին պաշտոնից ազատելու մասին: