«Մեկնարկը հաջող է տրված». Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:
Ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձեւաչափով հանդիպման համար, մասնավորապես, եւ երկու խորհրդարանների միջեւ շփումների պարբերականության համար, առհասարակ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձեւաչափը կարող է մի նոր հարթակ դառնալ խմբակցությունների եւ հանձնաժողովների միջեւ՝ ավելի կոնկրետ ու թեմատիկ քննարկումների եւ շփումների համար, ինչը կօգնի լրացնել մեր մեծ համազգային օրակարգը, որը ժամանակի հրամայականով պարբերաբար վերանայելու, տարբեր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու, փոփոխվող մարտահրավերների համար նոր լուծումներ գտնելու, մոտեցումները վերաքննելու ու վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում: