Վարչապետն ասաց, որ կոնկրետ երկու երկիր կորոնավիրուսի թվերը արհեստականորեն իջեցրել են. ակցիայի մասնակից
Վարչապետը մեզ ընդունեց եւ մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ կոնկրետ երկու երկիր կորոնավիրուսի թվերը արհեստականորեն իջեցրել են, իսկ մենք չենք կարող նման բան անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեցին կառավարության դիմաց հացադուլ հայտարարածները, որոնք պահանջում են բանակցել ՌԴ գործընկերների հետ, որպեսզի ՌԴ-ն բացի Հայաստանի հետ սահմանը։
«Ասաց, որ երկու երկիր կա, որ արհեստական իջեցրած թվեր են ցույց տվել: Մեր կառավարությունը չեն գնացել կեղծիքների»,-ասաց նա՝ հավելելով, որ վարչապետը հուսադրել է, որ մի բան կմտածեն, որ խնդիրը արագ լուծվի, սակայն ժամկետ չի նշել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ մեկնել պահանջող քաղաքացիները նախօերին հացադուլ էին սկսել կառավարության դիմաց: Նշենք, որ վերջին շաբաթներին նրանք պարբերաբար ցույցեր էին անցկացնում ինչպես Ազգային ժողովի շենքի մոտ, այնպես էլ Կառավարության, սակայն նրանց խնդրին այդպես էլ լուծում չտրվեց: