Թուրքիայի իշխանությունները հետաքննում են ամերիկացի գրողի եւ լրագրողի մահը
Թուրքիայի իշխանությունները հետաքննում են ամերիկացի գրողի եւ լրագրողի մահը, ով մահացել է Սամսունից Ստամբուլ ճանապարհորդության ընթացքում:
57-ամյա Անդրե Վլթչեքը եւ նրա կինը վարորդով ավտոմեքենա էին վարձակալել եւ Ստամբուլի հյուրանոց էին ժամանել երեքշաբթի առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում: Նրա կինը փորձել էր արթնացնել ամուսնուն, որպեսզի ասի որ իրենք ժամանել են, բայց չէր կարողացել դա անել, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով` դեպքի վայր ժամանած բժիշկները նրան մահացած էին ճանաչել:
Ստամբուլի գլխավոր դատախազությունն անմիջապես հետաքննություն է սկսել մահվան դեպքի առթիվ, իսկ նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական հաստատություն:
DHA մասնավոր լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը նրա գործը որպես «կասկածելի մահ» է գրանցել:
Իր կայքում Վլթչեքն իրեն գրող, փիլիսոփա, կինոռեժիսոր եւ հետաքննող լրագրող էր կոչում, ինչպես նաեւ` «հեղափոխական, ինտերնացիոնալիստ եւ ճանապարհորդ, ով պայքարում է արեւմտյան իմպերիալիզմի եւ աշխարհին պարտադրված արեւմտյան ռեժիմի դեմ»:
Ըստ նրա կայքի` նա տասնյակ ռազմական բախումներ եւ հակամարտություններ է լուսաբանել, այդ թվում` Իրաքում, Շրի Լանկայում, Բոսնիայում, Ռուանդայում եւ Սիրիայում:
Վլթչեքը շատ գրքերի հեղինակ է, այդ թվում` «Արեըմտյան ահաբեկչության մասին. Հիրոսիմայից մինչեւ դրոններով պատերազմ», որի համահեղինակն է լեզվաբան եւ գիտնական Նոամ Չոմսկին: