Ինչո՞ւ է սահմանադրականության ինստիտուտն օր առաջ վերացվում
Բարձրագույն երկու դատական ատյանները միավորելու և մեկ՝ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի վերաբերյալ, Tert.am-ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ:
- Հայեցակարգային փոփոխություններով առաջարկվում է, որ տեղի ունենա Սահմանադրական դատարանի ապակենտրոնացում, և ՍԴ-ի Սահմանադրական արդարադատություն իրականացնող ֆունկցիան բաշխվի ամբողջ դատական համակարգով, յուրաքանչյուր դատարան իր վարույթում քննվող գործի շրջանակում հնարավորություն ունենա օրենքի սահմանադրությունը հակասող ճանաչել, այս պարագայում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
- Կարծում եմ դրանից տուժելու է արդարադատության որակը և այն մեծ ազդեցություն է թողնելու Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության վրա: Հայաստանը ունի ընդգծված կուրս, որ ապահովում է դատավորների և դատարանների մասնագիտացվածությունը և սահմանադրական արդարադատությունը շատ սպեցիֆիկ է՝ բարդություններ, առանձնահատկութուններ ենթադրող: Այս մասնագիտացվածությունն իր դրսևորումներն ունի նաև այլ ոլորտներում՝ մենք նույն քաղաքացիական գործերում ունենք Սնանկության դատարան: Ավելին, քրեական ոլորտում, բացի այն, որ ունենք մասնագիտացված դատավորներ, օրինակ՝ անչափահասների գործերով քննություն իրականացնող, նաև պետությունը քննարկում է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, և ես տեսնում եմ, որ այս ընդհանուր օրինաչափության մեջ արվում է հատուկ բացառություն՝ Սահմանադրական արդարադատության մասով, փորձում են այդ գործառույթը տարալուծել դատավորների միջև, ինչը չի բխելու արդարադատության որակի բարելավման նկատառումներից:
- Կարծիքներ հնչեցին նաև, որ ՀՀ -ում գոյութուն ունի սահմանադրական գրագիտության ոչ բավարար մակարդակ, քանի որ առկա է հետխորհրային կրթություն և Սահմանադրական արդարադատություն շատ ավելի պատշաճ ձևով կարող է իրականացնել այն դատարանը կամ դատավորը, որը մասնագիտացված է այս հարցերում, ըստ Ձեզ, հնարավո՞ր է դատարանների միավորման պարագայում, սահմանադրականության հետ կախված հարցերը ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանվեն դատարանների կողմից:
- Միանշանակ նման հարցեր առաջ են գալու, քանի որ Հայաստանում սահմանադրագետների պակաս կա, որը գնալով ավելի է խորանում: Ընդհանուր իմացությունը բավարար չի լինելու, որպեսզի մենք վստահենք ամեն տեսակի գործեր լուծող դատարանին սահմանադրականության վերաբերյալ հարցերի քննարկումը և լուծումը: Եվ այս ընտրության պրոցեսներում մենք տեսնում ենք, որ իշխանությունը տիրապետելով հսկայական ռեսուրսներ դժվարանում է ի հայտ բերել սահմանադրագետների և շատ դեպքերում կրկնում է նույն մերժված թեկնածուների առաջադրումը և դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ որակն և հատուկ պատրաստվածություն չունեցող դատավորի կողմից գրեթե անհնար է լինելու որակյալ կերպով Սահմանադրական իրավունքների խախտումներ առնչությամբ սահմանադրականության տարբեր հարցեր քննարկել: Ինչը վերջնարդյունքում բացասաբար է ազդելու մարդու իրավունքների պաշտպանության վրա և այս ամենով թուլացնում ենք գոյություն ունեցող մեխանիզմները,․ քաղաքացիներին զրկում ենք պաշտպանությունից:
- Այս փոփոխությունները կարո՞ղ են խնդիրներ առաջացնել՝ հաշվի առնելով, որ հայկական իրավական մոդելը եվրոպական մոդելին է հարում, իսկ Գերագույն դատարան ունենալը, համակարգային այլ մոտեցումներ է պահանջում, հնարավո՞ր է այս դեպքում անհրաժեշտություն առաջանա ամբողջ դատաիրավական համակարգի կառուցվածքը փոխել:
-Իրավական համակարգերի անգլոսաքսոնական և մայրցամաքային կտրուկ անցումներ չեմ պատկերացնում, բայց Սահմանադրութունը գրված է մայրցամաքային գաղափարախոսությամբ և դերաբաշխումն էլ նույն տրամաբանության մեջ է իրականացված: Եվ եթե մենք փորձում ենք, անգլոսաքսոնական մոդելի՝ Գերագույն դատարանի միջոցով իրականացնել Սահմանադրական դատարանն առանց նմանատիպ փոփոխություններ կատարելու, այն փակուղային է լինելու և գործնականում ավելի շատ խնդիրներ է առաջ բերելու, քան լուծումներ է տալու: Իմ մոտ հարցեր են առաջանում, որ կարծում եմ հայեցակարգի հեղինակները պետք է մեկնաբանեն: ՀՀ- ում նախագահը Սահմանադրության կատարման հսկողությունն և դրա պահպանումն է ապահովում և իր հիմնական գործիքը ՍԴ-ին դիմելն է՝ մասնագիտացված դատարանի միջոցով Սահմանադրականությանն առնչվող հարցերը պարզաբանել և Սահմանադրական կարգն ապահովելն է: Եվ եթե մենք գնացել ենք մայրցամաքային բաշխվածության պետական ինստիտուտների միջև լիազորությունների, ինչպե՞ս է վերափոխվելու նախագահի ինստիտուտը, նա դիմելու է Գերագույն դատարանի՞ն, թե՞ իրավասության դատարանին, թե՞առհասարակ, կորցնելու է իր հիմնական գործառույթը և եթե կորցնելու է արդյո՞ք ՀՀ-ում լինելո՞ւ է նախագահի ինստիտուտ, թե՞ ոչ , ինչպե՞ս է համատեղվելու: Ես կարող եմ մի քանի տասնյակ գլոբալ խնդիրներ առաջ քաշել: Առհասարակ, կարելի է անգլոսաքսոնական ինստիտուտը ներմուծել, փոխակերպել հայկական իրականությանը, բայց պետք է մասշտաբային փոփոխություններ կատարվեն, իսկ մենք նմանատիպ մասշտաբային փոփոխություններ չենք տենում, տեսնում ենք, որ ընդհանուր մայցամաքային իրավական համակարգի տրամաբանութունը պահպանված է և կոնկրետ մեկ ինստիտուտի իմպլանտ անելու խնդիր է դրված: Կարծում եմ օտար մարմինները բնության օրենքով էլ դուրս են մղվում և դրանք ոչ միայն համակարգում արդյունավետություն չեն ապահովելու, այլ մյուս օղակները սկսելու են դուրս մղել, որը մտահոգիչ է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: