Արտակարգ դրության պայմաններում կրած մեծ կորուստների դիմաց որևէ փոխհատուցում չեմ ստացել․ ծաղկավաճառ (տեսանյութ)
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ծաղկի բիզնեսով զբաղվողները չգիտեն, թե երբ են բնականոն առևտրի անցնելու, այս մասին Թերթ․am-ի հետ զրույցում պատմեց ծաղկավաճառ Սիլվա Գրիգորյանը, ով արդեն 40 տարի է՝ ծաղկի առևտրով է զբաղվում։ Արտակարգ դրության պայմաններում, ինչպես պատմում է Սիլվա Գրիգորյանը, մեծ քանակով ծաղիկ է աղբը նետել՝ կրելով ֆինանսական դժվարություններ․«Արտակարգ դրության պայմաններում, մոտ 100 հազար դրամի ծաղիկ պահեստավորեցինք, սակայն, փչացավ ու աղբը նետեցինք: Հետո կարանտինի ժամանակ էլ չթողեցին գանք, էլի մնաց, փչացավ, թափեցինք, տենց էլի»։
Նույն իրավիճակում հայտնված ծաղկավաճառ Անդրանիկի կարծիքով, մարդիկ հիմա ուղղակի գումար չունեն ծաղիկ գնելու համար, արտակարգ դրության պատճառով էլ հազվադեպ են դուրս գալիս, դրա համար էլ ամսվա կտրվածքով 500,000–600,000 դրամի վնաս է կրել, այդքան գումարի ծաղիկ է ստիպված եղել թափել:
Կրած վնասները բավականին մեծ են, բայց դրա դիմաց փոխհատուցում չի ստացել, ասում է ծաղկավաճառը, հիմա աշխատում է՝ միայն թե անգործ չմնա:
Ծաղկավաճառի պնդմամբ՝ ծաղկի բիզնեսում արտակարգ դրության պայմաններում ավելի շատ տուժել են ջերմոցային տնտեսությունների տերերը, որոնք բավականաչափ ներդրումներ են կատարել ու ձեռնունայն մնացել:
Սակայն, ի պատասխան մեր կատարած հարցմանը, Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կոնկրետ ջերմոցային տնտեսությունների համար առանձին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ չեն իրականացվել, սակայն ապրիլի 24-ին ծաղկի բիզնեսով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական խնդիրները մեղմելու նպատակով իրականացվել է ծաղկի պետական գնում:
Ինչպես նաև ջերմատնային տնտեսություններն օգտվել են ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումից՝ ինչպես նաև երկրորդ միջոցառումից, որը գործում է մինչև ընթացիկ տարվա ավարտը, որով էլ սահմանվել են զրոյական տոկոսադրույքներ, ինչպես նաև համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման գործիքներ։