ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Բելառուսին հարգել քաղաքացիների բողոքի իրավունքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Բելառուսի իշխանություններին կոչ է արել հարգել երկրի քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ հավաքների ազատությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքին հղումով:
«Գլխավոր քարտուղարը Բելառուսի իշխանություններին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և հարգել ժողովրդի ազատ կամարտահայտության և խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել է Դյուժարիկը:
Նա հավելել է, որ Գուտերիշը ուշադիր հետևում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ նախագահական ընտրություններից հետո երկրի քաղաքացիների նկատմամբ բռնություններին:
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվեցին օգոստոսի 9-ին: Բելառուսի մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո չարտոնված բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ընտրակեղծիքների, որի ընթացքում ոստիկանությունը և երկրի ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել: