Սոցիալական հեռավորություն պահելը կենցաղում չի գործում, բայց հավաքների ազատությունը արգելվում է. Իշխանյան
Իրարից հեռավորություն պահելը սովորական կենցաղային կյանքում չի գործում, բայց կարծես որպես բողոք որպես հավաքների ազատությունը արգելվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակման մասին:
«Եթե դուրս գաք ու շրջեք երեւանյան շատ փողոցներում կտեսնեք մարդկանց հսկայական կուտակումներ: Եթե հեռվից նկարես ու ներկայացնես որպես հանրահավաք, որեւէ մեկը չի զարմանա: Իրարից հեռավորություն պահելը սովորական կենցաղային կյանքում չի գործում, բայց կարծես որպես բողոք, որպես հավաքների ազատություն արգելվում է»,-ասաց Իշխանյանը եւ հավելեց, որ հավաքների ազատությունը, որպես մարդու իրավունք առաջնայիններից մեկն է համարվում այն տեսակետից, որ դա խոսքի ազատության խնդիր է եւ ամենակարեւորը հասարակության մեջ եղած տարբեր խմբերի ձայնը տեղ հասցնելն է:
«Սոցիալական ոչ բոլոր խմբերն ունեն ներկայացուցիչներ պետության ներկայացուցչական մարմիններում, հետեւաբար դուրս մնացած տարբեր ուժեր եւ քաղաքական, եւ սոցիալական, իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու», ասաց Իշխանյանը եւ հավելեց. «Այս անհամաչափ եւ անտրամաբանական իրավիճակը պետք է շտկվի»: