Պեկինը Huawei-ի դեմ Վաշինգտոնի գործողությունները «կեղտոտ խաղ» է անվանել
Պեկինը հեռահաղորդակցության չինական հսկա Huawei- ի դեմ Վաշինգտոնի գործողությունները «կեղտոտ խաղ» է անվանել, հայտնում է AFP-ը։
Նախօրեին ԱՄՆ-ը հայտարարել էր Huawei-ի եւ չինական այլ ընկերությունների աշխատակիցների համար վիզաների սահմանափակման մասին, եթե նրանք ներգրավված լինեն մարդու իրավունքների խախտումներում:
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հուա Չունինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կեղտոտ խաղ է խաղում: Պատասխանելով այն հարցին, թե Բրիտանիան ԱՄՆ պատժամիջոցների պատճառով փոխել է իր դիրքորոշումը Huawei-ի հարցում, նա ասել է. «Այս ամենը ցույց է տալիս, որ բրիտանական կառավարությունը կորցրել է իր թանկարժեք անկախությունն ու ինքնավարությունը Huawei-ի հարցում»:
Նա կասկածի տակ է դրել ԱՄՆ վիզային սահմանափակումների հիմքերը՝ ասելով, որ «Ամերիկայում ամենուր ռասայական խտրականություն է»: «Եթե պարոն Պոմպեոն անկեղծ է, մենք կարող ենք զերծ մնալ նրա հանդեպ վիզայի սահմանափակումներ կիրառելուց: «Մենք նրան հրավիրում ենք այցելել Սինցզյան»,- հավելել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Huawei-ին մեղադրել է մարդու իրավունքների խախտումների մեջ՝ ասելով, թե նա Չինաստանին թույլ է տվել լրտեսել այդ տարածքում գտնվող այլախոհներին: