Մեծ Բրիտանիան զիջել է ԱՄՆ-ի ճնշումներին եւ հավանություն տվել Huawei-ի սարքավորումների փուլային դուրսբերմանը
Մեծ Բրիտանիան զիջել է ԱՄՆ-ի ճնշումներին եւ հավանություն տվել իր 5G ցանցից հեռակոմունիկացիոն հսկա Huawei-ի սարքավորումների փուլային դուրսբերմանը՝ չնայած Պեկինի կողմից վրեժխնդրության նախազգուշացումներին։
Լոնդոնի դիրքորոշման փոփոխությունը մեծ հաղթանակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար՝ Չինաստանի հետ իր աշխարհաքաղաքական եւ առեւտրային պայքարում, հայտնում է AFP-ը:
Սակայն այդ որոշումը սպառնում է ավելի փչացնել Բրիտանիայի հարաբերությունները Չինաստանի հետ եւ մեծ ծախսեր կբերի բրիտանական բջջային օպերատորների համար, որոնք գրեթե 20 տարի օգտագործում են Huawei-ի սարքավորումները:
Թվային տեխնոլոգիաների նախարար Օլիվեր Դոուդենի հայտարարությունը եղել է վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Ազգային անվտանգության խորհրդի հանդիպումից հետո։
«Այս տարվա վերջից հեռահաղորդակցման օպերատորները չպետք է գնեն Huawei-ի 5G սարքավորումները»,- խորհրդարանում ասել է Դոուդենը:
Նրա խոսքերով՝ նոր կանոնները նաեւ պահանջում են, որ Huawei-ի 5G առկա բոլոր սարքավորումները ապամոնտաժվեն «մինչեւ 2027 թվականը»:
Huawei-ն այս որոշումը անվանել է հիասթափեցնող եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող: «Ցավոք, Մեծ Բրիտանիայում մեր ապագան քաղաքականացել է, խոսքը ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականության մասին է, ոչ թե անվտանգության»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայում Huawei- ի ներկայացուցիչ Էդ Բրյուսթերը: