Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է ՉԺՀ-ի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների միջեւ տարաձայնություններ սերմանելու փորձի մեջ
Չինաստանը Միացյալ Նահանգներին մեղադրել է ՉԺՀ-ի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների միջեւ տարաձայնություններ սերմանելու մեջ: «ԱՄՆ-ն վեճերում անմիջականորեն ներգրավված երկիր չէ։ Սակայն նրանք շարունակում են միջամտել այս հարցում»,- նշվում է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության հայտարարության մեջ: «Կայունության պահպանման պատրվակով Միացյալ Նահանգները լարվածություն եւ առճակառում են առաջացնում տարածաշրջանում», փոխանցում է AP-ն։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ներկայումս ապօրինի է համարում չինական ծովային գրեթե բոլոր պահանջները իր միջազգայնորեն ճանաչված ջրերից դուրս: Նոր դիրքորոշումը չի տարածվում ծովի մակերեսից վերեւ ցամաքային օբյեկտների վրա, որոնք իրենց բնույթով «տարածքային» են համարվում:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պնդում էր, որ Չինաստանի եւ նրա հարեւանների միջև ծովային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ ԱՄՆ-ի աջակցությամբ:
Պոմպեոյի հայտարարությունը կարեւոր փոփոխություն էր դարձել Հարավչինական ծովի նկատմամբ Ամերիկայի քաղաքականության մեջ, կարծում է Նանկինի համալսարանում Հարավչինական ծովի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Չժու ֆենը: Ըստ նրա՝ Չինաստանի պահանջները վիճարկող մյուս երկրները կարող են ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Ամերիկայի կողմից բացահայտ հայտարարված աջակցության պատճառով: «Սակայն այս անգամ ԱՄՆ-ն է դարձել դատավոր կամ դատարան, ինչը նոր անկայունության եւ լարվածության կհանգեցնի»:
«Թրամփի ներկայիս քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ խելագար է,- ասել է Չժուն։- Նա Չինաստանի հարցը դարձնում է ամենակարեւոր թեման իր վերընտրման համար՝ համաճարակի կանխարգելման ձախողումից ուշադրությունը շեղելու նպատակով: Ես գաղափար անգամ չունեմ, թե որքան հեռու նա կգնա Չինաստանի խնդիրներն օգտագործելու հարցում»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը վերահաստատել է Չինաստանի դիրքորոշումն առ այն, որ ավելի քան 1000 տարի Չինաստանն արդյունավետ իրավասություն ունի Հարավային Չինաստանի ծովի կղզիների եւ ջրերի նկատմամբ: Նրա խոսքով՝ Չինաստանը չի ձգտում ծովային կայսրություն ստեղծել։