ԵՄ ԱԳՆ ղեկավարները ԱՄՆ-ին կոչ են արել միանալ Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների վերականգնման ջանքերին
ԵՄ ԱԳՆ ղեկավարները ԱՄՆ-ին կոչ են արել միանալ Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների վերականգնման նոր ջանքերին, սակայն մերժել են նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարեւելյան ծրագիրը՝ որպես ցանկացած միջազգային գործընթացի հիմք, հայտնում է AP-ը։
Թրամփի առաջարկը, որը հրապարակվել էր փետրվարին, պետք է նախատեսեր վերջնական արդյունքում Պաղեստինյան պետության հաստատում, սակայն այն չի բավարարում պաղեստինցիների նվազագույն պահանջները եւ Իսրայելին է թողնում գրավյալ Արեւմտյան ափի զգալի հատվածները:
Ելույթ ունենալով նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մասնակցությամբ տեսակապից հետո՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, թե եվրոպացիներն «ընդունում են ԱՄՆ-ի ծրագրի արժանիքները, որովհետեւ այն որոշակի խթան է հանդիսացել, երբ ոչինչ չկար»: «Այս խթանը կարող է օգտագործվել միջազգային համատեղ ջանքերի մեկնարկի համար՝ միջազգային մակարդակով համաձայնեցված առկա չափորոշիչների հիման վրա»,- ասել է Բորելը՝ նկատի ունենալով երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված լուծման անհրաժեշտությունը»։
Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը նույնպես պնդել է «խաղաղության գործընթացը վերակենդանացնելու եւ երկու կողմերի միջեւ միմյանց հետ բանակցություններ վարելու միջոց գտնելու» անհրաժեշտությունը։:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է հուլիսի սկզբին սկսել Արեւմտյան ափի հատվածների անեքսիան: Բորելը հայտնել է, որ նախարարները նախազգուշացրել են Պոմպեոյին «հնարավոր անեքսիայի հետեւանքների մասին՝ ինչպես երկու պետությունների ստեղծման հեռանկարների, այնպես էլ տարածաշրջանային կայունության վրա»: