Քանի որ վարչապետը հեռացրել է լուսանկարը և արել գրառում, ապա հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում. Թաթոյան
Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից եւ արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չեմ տեսնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:
Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը եւ վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։
Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից եւ արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չեմ տեսնում:
Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»։
Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր մետրոյում առանց դիմակի նստած աղջկա լուսանկար, որտեղ երեւում էր աղջկա դեմքը եւ հետեւյալ գրառումն արել ՝ անթաքույց գեղեցկություն։ Այս լուսանկարը բուռն քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել սոցիալական հարթակում, ինչից հետո Փաշինյանը լուսանկարը հեռացրել էր իր էջից։