Պակիստանում սոցցանցերում տեղադրված տեսանյութը, այսպես կոչված, «պատվի համար սպանության» պատճառ է դարձել
Պակիստանում սոցցանցերում տեղադրված տեսանյութը, այսպես կոչված, «պատվի համար սպանության» պատճառ է դարձել։ Երկու աղջիկներ սպանվել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նրանք համբուրում են մի տղամարդու, հայտնում է CNN։
Ոստիկանության աշխատակցի խոսքերով՝ աղջիկները եղել են 22 եւ 24 տարեկան զարմուհիներ, մայիսի 14-ին նրանց գնադակահարել են եւ թաղել Հյուսիսային Վազիրիստանի հեռավոր գյուղում։ Զոհերից մեկի հայրը եւ մյուսի եղբայրը կիրակի օրը ձերբակալվել եւ խոստովանել են աղջիկների սպանությունը։
Տեսանյութում երիտասարդը համբուրում է երկու աղջիկների շուրթերը, իսկ երրորդը ծիծաղում է նրանց կողքը կանգնած։ Դա առաջացրել է ընտանիքի ցասումը, որի անդամները որոշել են սպանել կանանց։
Երկուշաբթի «գռեհկության» մեղադրանքների պատճառով ձերբակալվել է 28-ամյա երիտասարդը, որը տեսանյութում համբուրում է աղջիկներին։
Հյուսիսային եւ Հարավային Վազիրիստանը, որոնք սահմանակցում են Աֆղանստանին, խորը պահպանողական են եւ հայտնի են իրենց խիստ «պատվի օրենքներով»։ Ըստ Amnesty International-ի՝ կանանց հաճախ թույլ չի տրվում առանց ուղեկցության տնից դուրս գալ։
Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել է, որ շատ մարդիկ, որոնք սոցցանցերում դատապարտել են սպանությունները, ենթարկվել են «սպառնալիքների կամ ծաղրանքների», եւ կոչ է արել իշխանություններին «բոլորին հասկացնել, որ ինքը չի հանդուրժի այդ նողկալի պրակտիկայի աջակցությունը»։ «Տեղական վարչակազմը պետք է նախաձեռնի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովի տեսանյութի երրորդ աղջկա եւ տղամարդու անվտանգությունը եւ պատասխանատվության ենթարկի մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Պակիստանում տարեկան կատարվում է 1000 «պատվի համար սպանություն»։ Սակայն պաշտոնական վիճակագրություն չկա, քանի որ դրանք հաճախ մնում են չգրանցված կամ գրանցվում են որպես ինքնասպանություն կամ բնական մահ։