Կորոնավիրուսի դեմ պայքարում Կանադայի հետազոտությունները կարող են լինել օտարերկրյա հետախուզությունների «ցանկալի թիրախ»
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում Կանադայի հետազոտությունները կարող են լինել օտարերկրյա հետախուզությունների «ցանկալի թիրախ», հայտնում է СBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կանադական անվտանգության եւ հետախուզության ծառայությունում աղբյուրներին (CSIS):
Գերատեսչությունում կարծում են, որ կանադական գիտահետազոտական կենտրոնների սերվերները, որոնցում տեղեկություններ կան նոր կորոնավիրուսի հետազոտման ոլորտում երկրի վերջին ձեռքբերումների մասին, կարող են երրորդ երկրների հարցմամբ ենթարկվել հաքերների հարձակումների: Նման հարձակումների ռիսկը «մշտապես մեծանում» է, կարծում են CSIS-ում:
Սրա հետ կապված կանադական հատուկ ծառայություններն արդեն ակտիվ աշխատանք են կատարում հետազոտական կազմակերպությունների հետ, որոնց մշակումները կարող են պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնել մյուս պետությունների հետախուզությունների համար: Կանադայի հատուկ ծառայությունները չեն հայտնում, թե հատկապես որ երկրներին են կասկածում լրտեսական գործունեության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հանդես էր եկել պնդումներով, որ Չինաստանը կանգնած է ամերիկյան հաստատությունների վրա կիբեռհարձակումների հետեւում, որոնք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված հետազոտություններով, այդ թվում՝ պատվաստանյութի մշակմամբ: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նախօրեին Միացյալ Նահանգների այս մեղադրանքները «զրպարտություն» էր անվանել: Նա շեշտել էր, թե Պեկինը «մտահոգվելու ավելի շատ պատճառներ ունի, որ ինչ-որ մեկը Չինաստանից կգողանա [պատվաստանյութի մշակումների մասին տեղեկությունները]»: Դիվանագետի խոսքով՝ «Չինաստանը կիբեռհարձակումներից ամենաշատ տուժած պետություններից մեկն է եւ վճռականորեն հանդես է գալիս կիբեռհարձակումների ցանկացած ձեւի դեմ»: