Ինչու են հայտնվել այնտեղ, եթե պարզ էր, որ փակ է սահմանը. Ավինյանը՝ Լարսի անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների մասին
Լարսի անցակետի չեզոք տարածքում արդեն տեւական ժամանակ կան ՀՀ քաղաքացիներ, որոնք կարելի է ասել բնակվում են իրենց մեքենաներում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը:
«Ունե՞ք տեղեկություն, թե ինչ է իրենց սպասվում, առավել եւս, որ վերջերս, նաեւ երեկ տվյալ տարածքի պարեկային ծառայության պետը եւ աշխատակիցները շատ անշնորհք ձեւի են պահել ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Պետք է ունենանք որոշակի արձագանք, չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացիներն իրենց անտեսված զգան տվյկալ տարածքում»,-ասաց նա:
Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց, որ վաղվանից կազմակերպելու են պարբերական թռիչքներ, որոնք նպատակաուղղված են լինելու ՀՀ քաղաքացիների վերադարձն ապահովելուն: «Կրասնոդարում նույնպես մոտ ապագայում նման թռիչքներ պլանավորվում են: Ինչ վերաբերում է Լարսի անցակետում գտնվող մեր քաղաքացիներին, անկեղծ ասած չեմ հասկանում, թե որն է եղել այնտեղ հայտնվելու դրդապատճառը, որովհետեւ պարզ էր, որ փակ է եւ ռուս-վրացական, եւ հայ-վրացական սահմանը, եւ իրենք ունենալու էին այդ խնդիրը: Այսինքն ավտոմեքենաներով գալ եւ պահանջել, որ իրենց թույլ տանք... պետք է հասկանալ, թե դա ինչ ծավալների կարող է բերել, եթե ընդառաջենք, թե քանի քաղաքացի կարող է այդ նույն ճանապարհով փորձի վերադառնալ:
Ես կարծում եմ, իրենց խնդիրներին պետք է անդրադառնա ԱԳՆ-ն, եւ եթե նրանք ունեն ՀՀ վերադառնալու կարիք, նրանց ցուցակագրի եւ հերթով վերադարձն ապահովի»:
Արթուր Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ պետք է 48 ժամվա ընթացքում բանակցել վրացական կողմի հետ եւ նրանց բերել Հայաստան, քանի որ նրանց վիճակը շատ վատ է: