Իշխանության «տանը» կռիվ է ընկել. Փաշինյանը վճռական է տրամադրված. Ավելին, ոմանք նույնիսկ Գավառի դեպքերն են կապում ՍԴ կազմը չփոխելու հետ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն, որով փորձում էին փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային կետերում, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից ու 6 դատավորներից, առ այսօր մնում է օդում կախված։ Չնայած կորոնավիրուսային համավարակը արտաքուստ թեման «սառեցրել» է, սակայն իշխանամերձ որոշ անհատներ փորձում են այն պահել «ջրի երեսին»: Ավելին, ոմանք նույնիսկ Գավառի դեպքերն են կապում ՍԴ կազմը չփոխելու հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանրաքվեի հարցը, բնականաբար, նաև իշխանությունների օրակարգում է մնում, և ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրությունից հետո թեման ամբողջ ծավալով դարձյալ կմղվի առաջին պլան։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները և անձամբ վարչապետ Փաշինյանը բավականին վճռական են տրամադրված այս հարցում։ Մեր զրուցակցի խոսքերով, իշխանության ներսում քննարկումների հիմնական առանցքն այն է, թե՝ «տարբերակ չունենք, քանի որ համաճարակը շուտ չի վերանալու, անգամ կարող է 1-2 տարի տևել, չենք կարող «զադնի» դնել»: Սակայն այս առումով ամեն ինչ միանշանակ չէ:
Ըստ մեր տեղեկությունների, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունում և մերձիշխանական սատելիտ «փորձագիտական» ու քաղաքական շրջանակներում տարբեր կարծիքներ են շրջանառվում. ոմանք կողմնակից են, որ իրավիճակը լուծվի ըստ օրենքի՝ հանրաքվեն անցկացնելով ժամկետների մեջ, հակադիր կարծիք ունեցողները պնդում են, որ հարցը պետք է կարգավորել արագորեն՝ ԱԺ շրջանակներում։ Այլ բառերով ասած՝ իշխանության «տանը» կռիվ է ընկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: