Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր: Այս մասին, երեկ՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի 4 ժամից ավել տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում.
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին:
Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին, ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, ոչ: Այլ պարզ մի պատճառով, որ դրանք այնքան կարևոր իրադարձություններ են, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ մտածում:
Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում, մենք, մեր զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընհանրապես մեր հասարակությունը հաղթել է: Հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլև դիվանագիտական դաշտում»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ նիստի վերջում ինքը ի պատասխան հանձնաժողովի նախագահի, նույնպես շնորհակալություն է հայտնել այս քննարկման համար: