Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կարող են կրկնակի կրճատվել. տնտեսագետ
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սահմանափակումների պայմաններում Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կարող են կրճատվել մինչեւ 50 տոկոսով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա պարզաբանմամբ՝ երկրի տնտեսությունն ամեն տարի բանկային փոխանցումներով ստանում էր 1,8-1,9 մլրդ դոլար, եւս նույնքան՝ այլ ճանապարհներով, ինչը կազմում էր Հայաստանի ՀՆԱ 40-45 տոկոսը:
«Երկրի տնտեսության մեջ երկար ժամանակ տրանսֆերտների ինստիտուտը կարեւոր տեղ էր գրավում, այդ թվում՝ սոցիալական հարցերի լուծման տեսանկյունից: Սա խոսում է այն մասին, որ այդ ընթացքում Հայաստանին, այդ թվում եւ նոր իշխանություններին այդպես էլ չհաջողվեց կրճատել դրանցից կախվածությունը»,- նշեց նա:
Բոստանջյանը շեշտեց, որ նախկին ծավալների վերականգնումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ճգնաժամը երբ կավարտվի, եւ երբ կվերականգնվեն երկրների բնակչության եկամուտները: «Ակնհայտ է, որ տրանսֆերտներից ստացվող միջոցները դասվում են դժվարհասանելի կարգին, քանի որ դա կապված է լրացուցիչ եկամուտների ապահովման անհրաժեշտության հետ, իսկ ներկայիս պայմաններում դրանց հասանելիությունը է՛լ ավելի է սահմանափակվում»,- ամփոփեց փորձագետը:
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը մասնավոր տրանսֆերտների կրճատումը կանխատեսում է 16-19 տոկոսի միջակայքում: