Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին
Որևէ կառույց չի կարող մեր քաղավիացիային զրկել իր իրավասությունները իրականացնելուց, լիցենզիայից զրկելը իրականության հետ կապ չունի: Այս մասին «Առաջին ալիքի»-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ՝ անդրադառնալով մամուլի հրապարկումներին, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:
«Խոսքն այն մասին է, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը»,-ասաց նա:
Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ պարզաբանումներ են խնդրելու Եվրոպայի գործընկերից, թե ինչո՞ւ են այդքան արագ որոշում կայցրել, քանի որ դեռ իրենք պետք է արձագանքեին դիտարկումներին:
2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական միության մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և երկու ավիաընկերությունների գնահատման այց. 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները:
«Մարտի 6-ին մենք ստացանք մեր դիտողությունները, բայց մեր կարծիքը դեռ մեր գործընկերների մոտ չկա: Դրանից հետո նոր՝ մայիսին, պետք է որոշում կայացվի Բրյուսելում՝ նիստի ընթացքում: Հիմա մենք մեր գործընկերներից պարզաբանում ենք սպասում, թե ինչու են որոշումն այնքան շտապ կայացրել. դա կարող է կապված լինել կորոնավիրուսի խնդիրների հետ»,-ասաց նա:
Տաթևիկ Ռևազյանն նշեց որ որոշումը բողոքարկելու են:
«Երկուշաբթի ուղարկելու ենք մեր դիտողությունները, բավականին շատ դիտողություններ ունենք»,-ասաց նա:
Տաթևիկ Ռևազյանը նաև ընդգծեց, որ այս իրավիճակը մեր հեղինակության համար վատ է, բայց լուրջ ազդեցություն չի կարող ունենալ չվերթների քանակի վրա: