Բոլորին անուն առ անուն հիշում ենք, խոնարհվում ենք կորուստ և վիրավոր ունեցած բոլորի առաջ․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահի թեկնածու, ընտրությունների երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ապրիլյան պատերազմը մեր երիտասարդ պետականության համար շատ լուրջ փորձություն էր: Այն հաղթահարեցինք մեր ազգային միասնականությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո շնորհիվ: Բայց ինչպես յուրաքանչյուր օրհասական իրադրության ժամանակ, այս դեպքում եւս թանկ հատուցեցինք:
Այս օրը նաեւ մեր հերոս նահատակների հիշատակի ոգեկոչմամբ է առանձնանում: Բոլորին անուն առ անուն հիշում ենք: Խոնարհվում ենք կորուստ եւ վիրավոր ունեցած բոլորի հարազատների առաջ: Զորակցում ենք նրանց ընտանիքներին:
Մեր քաղաքական միտքն ու իմաստությունը պետք է ծառայեցնենք հայկական զույգ պետականությունների եւ մեր սահմաններն անառիկ պահող հայոց բանակի շարունակական հզորացմանը:
Այդ ճանապարհին մեծ են ձեռքբերումները, ունենք նաեւ անելիքներ, որոնց ձեռնամուխ կլինենք Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի եռամիասնության ուժերով, ինչպես պետականակերտման ողջ ընթացքում:
Փա՛ռք հայ ժողորդին, որ հավերժ է:
Փա՛ռք մեր միասնական հայրենքին, որ երաշխավորն է այդ հավերժականության.,-ասված է հայտարարության մեջ: