Ծրագիր ենք մշակել, որն առաջին անգամ կփորձարկենք Դիլիջանում մեկուսացած մեր հայրենակիցների համար. Նարինե Խաչատուրյան
Թանգարաններն ու գրադարանները շատ ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին եւ բոլորը հետաքրքիր ծրագրեր են ներկայացնում։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, Պարետատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն՝ անդրադառնալով վիրտուալ հարթակում նախարարության աշխատանքներին։
Նրա խոսքով՝ այդ ամենը ներկայացված են թե տվյալ կազմակերպությունների ֆեյսբուքյան էջերում, թե կայքերում.
«Շատ լավ է, որ ստեղծված է մի ընդհանրական հարթակ, որի միջոցով բոլորը կարող են մեկ տեղ ներկայանալ։ Այս 1–2 օրվա պատմությունը ցույց տվեց, որ այդպես արդյունավետ է։ Մի քանի հեշթեգներ կան, որոնցով կարող եք գտնել այդ ծրագրերը՝ «Տանը մնա», «Թանգարանը կգա տուն», «Տնից թանգարան», «Միջթանգարանային համագործակցություն» եւ այլն։
Ն.Խաչատուրյանի խոսքով՝ թե տարիքային, եւ թե սոցիալական տարբեր շերտերի համար հատուկ ծրագրեր են մշակվում.
«Թե վիրտուալ թանգարանների, թե վիրտուալ ընթերցանության բազմազան ծրագրերից զատ, նաեւ կան ծրագրեր, որոնք դեռ փորձարկված չեն, բայց անպատճառ կլինեն։ Օրինակ՝ սփյուռքահայերի համար արեւմտահայերենով ծրագրեր կլինեն։ Հատուկ ծրագիր ենք մշակել, որն առաջին անգամ կփորձարկենք Դիլիջանում մեկուսացած մեր հայրենակիցների համար, շատ հետաքրքիր եւ ոգեւորիչ կլինի կարծում եմ»։
Ն.Խաչատուրյանն առաջարկեց հակաճգնաժամային քայլերը կատարել թանգարանների, գրադարանների, թատրոնների եւ համերգասրահների հետ.
«Որովհետեւ այժմ շատ հետաքրքիր եւ յուրօրինակ իրավիճակ է, որի մեջ հայտնվել ենք բոլորս»։