Իսրայելը խստացնում է կարանտինը
Իսրայելի կառավարությունը առաջիկա ժամերին կհաստատի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր դրույթները՝ նախկինում երկրում մտցված արտակարգ դրության շրջանակներում։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ատուկ ուղերձում հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է «Իններորդ ալիքը»։
Նոր դրույթների համաձայն, որն առայժմ յոթ օրով է մտցվում, բոլոր քաղաքացիներին, բացի «կենսական կարեւոր աշխատանք» կատարողներից եւ բուժաշխատողներից ու օպերատիվ ծառայողներից, արգելվում է դուրս գալ տներից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է մթերք, դեղամիջոցներ եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ձեռք բերել։
Ընդ որում, ինչպես ընդգծել է Նեթանյահուն, տնից հարկադրաբար դուրս գալը չպետք է խախտի առողջապահության նախարարության նախկին պահանջները։ Դա վերաբերում է մեկ տեղում հավաքվող մարդկանց առավելագույն թվին եւ «երկու մետրի կանոնին»։
«Այժմ դա արդեն ոչ թե խնդրանք է, ոչ թե խորհուրդ, այլ պարտադիր պահանջ, որի կատարումը կվերահսկվի իրավասու մարդկանց կողմից»,- հայտարարել է վարչապետը։
Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ մարտի 19-ի ժամը 20։00-ի դրությամբ Իսրայելում կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք է հայտանբերվել։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 573, որոնցից 266-ը հոսպիտալացվել են։
Վարակվածներից 6-ի վիճակը գնահատվում է ծանր, 13-ինը՝ միջին ծանրության, մնացածների վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում։ 14 մարդ առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից։