Աղջիկը շեղել էր վաճառողուհու ուշադրությունը, տղան՝ փող հափշտակել
Մարտի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ժամը 20․20-ի սահմաններում Սվաճյան փողոցի մթերային խանութներից մեկն են մտել երիտասարդ տղա եւ աղջիկ։ Աղջիկը շեղել է վաճառողուհու ուշադրությունը, իսկ տղան դրամարկղից 150 հազար դրամ հափշտակել։ Վերջին պահին աշխատակցուհին նկատել է, որ երիտասարդը դրամարկղից փող է վերցնում, բայց կանխել չի հասցրել։
Մալաթիայի քրեական հետախույզները օրեր տեւած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին նրանց ինքնությունը։ Երկուսն էլ Երեւանի բնակիչ են։ 25-ամյա երիտասարդն ու 22-ամյա աղջիկը հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նրանք խոստովանական բացատրություն են տվել։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։