Տեխասում բանտարկյալի մահապատիժը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել է բանտարկյալ Ջոն Ուիլյամ Համելի մահապատժի կատարումը, ով 2011 թվականին դատապարտվել էր իր հղի կնոջ, հնգամյա դստեր եւ աներոջ սպանության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Texas Tribune-ը:
Դատապարտյալի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրեց Վերաքննիչ դատարան` խնդրելով հետաձգել չորեքշաբթի օրը նախատեսված մահապատժի կատարումը` COVID-19-ի տարածման եւ այդ կապակցությամբ հայտարարված արտակարգ դրության պատճառով: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ մահապատժին մեծ թվով մարդկանց ներկայությունը, այդ թվում` հարազատների, լրագրողների և պաշտոնատար անձանց, կբարձրացնի բանտարկյալների շրջանում COVID-19-ի տարածման ռիսկը:
Երկուշաբթի Տեխասի վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրեց բավարարել միջնորդություն եւ հետաձգել Համելի մահապատիժը` «հաշվի առնելով ներկայիս առողջական ճգնաժամը եւ հսկայական քանակությամբ ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են մահապատիժն իրականացնելու համար»:
Պարբերականի փոխանցմամբ` մահապատիժը հետաձգվել է 60 օրով, ինչից հետո այն կարող է նոր օր նշանակվել: