Զովունիում բացահայտվել են երեք անձից բաղկացած խմբի կողմից կատարված գողություններ. նրանց մեղադրանք է առաջադրվել
Զովունիում բացահայտվել են երեք անձից բաղկացած խմբի կողմից կատարված գողություններ. նրանց մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
2020թ. մարտի 10-ին` ժամը 21:50-ից մինչեւ 23:55-ն ընկած ժամանակահատվածում, Ոստիկանության Նաիրիի բաժին Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի շարք բնակիչներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նշված գյուղի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարաններից եւ օժանդակ շինություններից կատարվել են գողություններ:
2020թ. մարտի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի (բնակարան ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակարաններից առերեւույթ գողություն կատարած երեք անձանց ինքնությունները, ովքեր Կոտայքի մարզի բնակիչներ են: Վերջիններս հայտնաբերվել, ձերբակալվել եւ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Զովունի գյուղի նշված բնակարաններից գողացված իրերը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ) եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված հանցավոր խմբի կողմից հնարավոր այլ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: