«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ը կազմակերպում է դրամահավաք՝ հանրահավաքներ կազմակերպելու համար
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ կազմակերպում են դրամահավաք՝ հանրահավաքներ կազմակերպելու համար :
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանում, Փաշինյան Նիկոլի վարած ապազգային, օտարահպատակ ու կործանարար ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով, վտանգված են Հայոց պետականության գոյության ապագան, Արցախյան հարցի հայկական դիրքորոշումն ու ազգային շահը, պետական կառավարման համակարգի աշխատունակության մակարդակը, իրավական համակարգի անխափան ու օրինապաշտ գործունեության հիմքերը, ինչն էլ սպառնալիք է Հայ Ժողովրդի ու Հայոց պետության համար:
Հայաստանում հաստատվել է նիկոլահպատակ անօրինական համակարգ, որտեղ մերժվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայկական ավանդական ընտանիքը, Հայոց Ազգային Բանակն ու Հայի ազատատենչ ազգային ոգին, Հայոց մեսրոպատառ լեզուն ու Հայոց դարավոր պատմությունը:
Կոռուպցիայի դեմ պայքարի կեղծ ու պատեհապաշտ լոզունգներով գալով իշխանության՝ նիկոլյան իշխանավորները պարգևավճարների անվան տակ ագահաբար թալանում են պետական բյուջեն՝ ապահովելով իրենց բարեկեցությունը ժողովրդական լայն զանգվածների աղքատության հաշվին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը 2020 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին և Հայաստանի Կառավարությանը ներկայացրել է 10 պահանջ, որոնք ուղղակի բխում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ազգային անվտանգության անհրաժեշտությունից և նպատակ ունեն պոպուլիստական, ամբոխահաճ ու ստախոս նիկոլյան քաղաքականությունից անցում կատարել՝ ստեղծելով ազգային պետություն ու իրական ժողովրդավարություն:
Հաշվի առնելով վերոնշյալ 10 պահանջների կարևորությունն ու Հայաստանի բնակիչներին իրազեկելու անհրաժեշտությունը՝ նախատեսվում է, որ Կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության անդամները սույն թվականի մարտի 19-ից սկսած հանդիպումներ ունենան Հայաստանի համայնքների բնակիչների հետ, և սույն թվականի ապրիլի 2-ից Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունենան հանրահավաքներ, որոնք կազմակերպելու համար էլ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է դրամական միջոցների հավաք՝ դրամահավաք՝ նվիրատվությունների տեսքով՝ դիմելով ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ սեփական ներդրումն ունենալ Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան կերտելու գործում»: