Ըստ Goldman Sachs-ի` նավթի մեկ բարելի արժեքը կհասնի 20 դոլարի. Bloomberg
Goldman Sachs ամերիկյան ներդրումային բանկը կանխատեսել է, որ նավթի համաշխարհային շուկայում անկայուն իրավիճակի պայմաններում նավթի մեկ բարելի գինը կարող է իջնել մինչև 20 դոլար: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը` վկայակոչելով ֆինանսական հաստատության հաշվետվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ զեկույցի` նավթի մեկ բարելի արժեքի` 20 դոլարով նվազումը լիովին կփոխի կանխատեսումները նավթի եւ գազի շուկաների համար, որոնց մասնակիցները երկրորդ եւ երրորդ եռամսյակների համար իրենց սպասումները սահմանել էին մեկ բարելի դիմաց 30 դոլարի չափով:
Brent տեսակի նավթի` 2020 թվականի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում ընկել է մեկ բարելի դիմաց մինչեւ 31.02 դոլար: Brent-ը մասամբ հետ է բերել իր անկումը` ֆյուչերսների գինը բարձրացել է մինչեւ մեկ բարելի դիմաց 35.23 դոլար: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 27.1 տոկոսով եւ կազմել մեկ բարելի դիմաց 32.48 դոլար:
Ինչպես նշում է Bloomberg-ը` Ասիայում բորսաների բացման առաջին վայրկյաններին նավթի ֆյուչերսների գնի 30 տոկոսով անկումը երկրորդ ամենամեծ անկումն էր պատմության մեջ` 1991-ի Պարսից ծոցի պատերազմի ժամանակ գների անկումից հետո:
Նավթի գինն ընկնում է այն լուրերի ֆոնին, որ ՕՊԵԿ+-ի երկրները Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքներով չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ` կորոնավիրուսի պատճառով նավթի պահանջարկի անկման պայմաններում:
ՕՊԵԿ-ն առաջարկել է մինչև 2020 թվականի վերջ լրացուցիչ կրճատել արդյունահանումը մինչեւ 1.5 միլիոն բ/օ: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ են հանդես եկել այդ առաջարկին: Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես, պնդել է, որպեսզի ընթացիկ պայմանավորվածությունները երկարաձգվեն միայն երկրորդ եռամսյակի համար: