Տորնադո Թենեսիում. Զոհերի թիվը հասել է մինչեւ 25-ի
ԱՄՆ Թենեսի նահանգում երկու տորնադոների հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 25-ի, հայտարարել է նահանգապետ Ուիլյամ Լին, հայտնում է BBC News-ը:
Դրանից բացի, մի քանի մարդ անհետ կորած է համարվում:
Նահանգի խոշոր քաղաք Նեշվիլում տորնադոն ահռելի վնաս է հասցրել բնակիչների տներին եւ այլ շենքերի:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ աղետը տեղի է ունեցել կեսգիշերից հետո, այնպես որ՝ մարդկանցից շատերը քնած էին եւ թաքնվելու ժամանակ չեն ունեցել:
Նահանգի բնակիչներից մեկը հեռուստաալիքին ասել է, որ Նեշվիլը «ռազմական գոտի» է հիշեցնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է այցելել նահանգ: