Կան դատավորներ, որոնք կախում ունեն որոշ քաղաքական խմբերից և անհատներից. Լիլիթ Մակունց (Տեսանյութ)
Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները հատկապես դատական համակարգում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ նրա բարեփոխումներ են արվում նաեւ ոստիկանության համակարգում՝ հիմնական գործընկեր ունենալով ԱՄՆ-ին եւ Եվրոպական միությանը. «Այս փոփոխությունների համատեքստում մենք մտածում ենք ստեղծել նոր Ներքին գործերի նախարարություն, դա թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել իրավապահ համակարգը: Բարեփոխումների փաթեթի հաստատման վերջնական որոշումը ՍԴ-ինն է»:
Անդրադառնալով ՍԴ-ի խնդրին, Մակունցն ասել է. «Խնդիրը կայացված վճիռների կամ անհատների մեջ չէ: Խնդիրն այդ հաստատությունների եւ ողջ դատական համակարգի անկախությունն է, անկողմնակալությունը: Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ: Կան դատավորներ, որոնք անկախ են պետությունից, բայց կախում ունեն որոշ քաղաքական խմբերից ու անհատներից: Սա նոր Հայաստանում խնդիր է, այդ պատճառով պետությունը որոշեց գնալ Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարելու ճանապարհով, որը կորոշի հանրությունը հանրաքվեի միջոցով:
Հանրությունը կորոշի՝ փոխել ՍԴ-ի կազմը, թե ոչ: Շատ կարեւոր է այդ հանրաքվեն անցկացնել հիմա, քանի որ արդարադատության նախարարությունում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է դատական համակարգի, ներառյալ ՍԴ-ի բարեփոխումների վրա: Այն կարող է փակուղի մտնել ՍԴ-ի որոշ դատավորների պատճառով: Այդ ողջ գործընթացը կարող է վտանգվել»:
Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: