Թաիլանդում ցիկլոպ քոթոթ է լույս աշխարհ եկել (Տեսանյութ)
Փետրվարի 2-ին Թաիլանդի Չաչենգսաու նահանգում բնակվող ընտանիքում ցիկլոպիայով շնիկ է հայտնվել: Սա ողնաշարավորների շրջանում հազվագյուտ գենետիկ մուտացիա է, որի դեպքում աչքի խնձորակներն ամբողջովին կամ մասնակի միաձուլված են կամ գտնվում են դեմքի միջին գծի վրա՝ աչքի մեկ խոռոչում: Despicable Me մուլտֆիլմից մինյոնին նմանության պատճառով ձագուկը ստացել է Քեւին անունը, փոխանցում է Nat- geo-ն:
Նրա եղբայրը ծնվել է առանց շեղումների: Քոթոթների մայրը պատկանում է Ասիայում տարածված տեղական ոչ պաշտոնական ասո ցեղատեսակին, հայրը անհայտ է: Ցիկլոպիա ունեցող կենդանիները հազվադեպ են ողջ մնում, նույնիսկ` առաջին մի քանի օրերին, սակայն Քեւինն արդեն մի քանի օրական է, և նրա հետ ամեն ինչ դեռ լավ է:
Հայտնի չէ` արդյոք նրա միակ աչքը որեւէ բան տեսնում է, թո ոչ. շներին մոտ երկու ամիս է անհրաժեշտ, որպեսզի տեսողությունը լիովին զարգանա: Ծննդյան պահից միայն երեք շաբաթ անց են քոթոթները բացում իրենց աչքերը, և համակարգված տեսողությունը սկսում է աշխատել 6-8 շաբաթ հետո: Գանգի հատուկ կառուցվածքի պատճառով Քեւինը չի կարող նորմալ ուտել, և տերերը նրան շշից են կերակրում: Սակայն հենց այս շեղումն է, որպես կանոն, անհամատեղելի խնդիր դառնում այսպիսի կենդանիների կյանքի հետ:
Իմանալով անսովոր քոթոթի մասին` հարեւանները սկսել են գալ նրան տեսնելու համար: Մուտանտի ծնունդը որպես լավ նշան է ընկալվել. մարդիկ սկսել են օգտագործել նրա ծննդյան ամսաթիվը վիճակախաղի տոմսերում: Ոմանք խնդրել են ընտանիքին քոթոթին իրենց տալ, սակայն տերերը որոշել են թողնել կենդանուն և ինքնուրույն մեծացնել՝ հոգատարությամբ շրջապատելով նրան: