Չինաստանը դեմ է կորոնավիրուսի հանդեպ չափից ավելի մեծ արձագանքին
Չինաստանը հասկանում է ռացիոնալ եւ անհրաժեշտ միջոցառումները, որոնք որոշ երկրներ ձեռնարկում են նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար, սակայն դեմ է չափից ավելի մեծ արձագանքին եւ խուճապին, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային զրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստան այցից հետո ԱՀԿ ղեկավարը բարձր է գնահատել Չինաստանի ձեռնարկած արտակարգ միջոցառումները: Կազմակերպությունը նաեւ հստակ հայտարարել է, որ հավանություն չի տալիս Չինաստան այցելությունների եւ երկրի հետ առեւտրի ոչ անհրաժեշտ միջազգային սահմանափակումներին: Մենք հասկանում ենք ողջամիտ եւ անհրաժեշտ միջոցառումները, որոնք որոշ երկրներ ընդունել են (հիվանդության տարածման) վերահսկողության համար, բայց դեմ ենք չափից ավելի սուր արձագանքին եւ գործողություններին, որոնք խուճապ են առաջացնում»,- ասել է Վան Ին, ում խոսքը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ կայքում:
Նրա խոսքով՝ «Չինաստանը կշարունակի տեղեկություններ փոխանցել ամբողջ աշխարհի երկրներին, հետեւել հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքներին, ամրապնդել համագործակցությունը եւ համատեղ ապահովել հանրային առողջապահության ոլորտում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությունը»:
Չինաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Չինաստանի ջանքերի շնորհիվ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացության տոկոսը ներկայումս հաջողվում է պահել 2,1 տոկոսի մակարդակում, ինչը շատ ավելի ցածր է, քան այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, այս ցուցանիշը նաեւ զգալիորեն ցածր է, քան 2009 թվականին ԱՄՆ-ում H1N1 գրիպի հետեւանքով մահացության 17,4-տոկոսանոց մակարդակը: