Գիտնականները կորոնավիրուսը չեզոքացնելու համար առաջարկում են հակամարմիններ օգտագործել, որոնք հայտնաբերվել էին ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ
Ուհանի եւ Ֆուդանի համալսարանի (Չինաստան) վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները կորոնավիրուսը չեզոքացնելու համար առաջարկում են հակամարմիններ օգտագործել, որոնք հայտնաբերվել էին 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ CR3022 հակամարմինը, ինչպես պարզվել է, լավ է միանում նոր 2019-nCoV կորոնավիրուսին:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել RBD սպիտակուցին, որը վիրուսն օգտագործում է մարդկային բջիջներ ներթափանցելու համար: Գիտնականների խոսքով՝ դրա վրա հնարավոր կլինի ազդել CR3022 հակամարմնի հիմքով դեղամիջոցի օգնությամբ:
Այժմ գիտնականներն ուսումնասիրում են պացիենտների արյան նմուշները՝ հույս ունենալով այլ հակամարմիններ հայտնաբերել, որոնք ավելի ակտիվ կմիանան վիրուսին:
Հիշեցնենք, որ Դոերտի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում ստանալ 2019-nCoV կորոնավիրուսի կրկնօրինակը: Վիրուսը դուրս է բերվել հաստատված ախտորոշմամբ առաջին պացիենտի հյուսվածքներից: