Զինդատախազը ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետեւել է զորակոչի կազմակերպման գործընթացին
2020 թվականի հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետեւել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին եւ պայմաններին:
Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները եւ առաջարկությունները: Զինվորական դատախազը կարեւորել է այն հանգամանքը, որ ծնողների եւ զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել:
Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաեւ հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Անձանց առողջական վիճակի վերաբերյալ ունեցած կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է այդ զորակոչիկներին կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության ենթարկել:
Ընդհանրացնելով իրեն ներկայացված առաջարկությունները, գանգատներն ու մտահոգությունները՝ ՀՀ զինվորական դատախազը զորակոչի գործընթացը եւ կազմակերպչական հարցերն առավել բարելավելուն ուղղված իր նկատառումներն է ներկայացրել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետին:
Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը գնահատելով բավարար՝ այցի վերջում Վահե Հարությունյանը բարի եւ անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին: