Ինչքանո՞վ է նախարարը վստահ, որ իմ կնիկը ճանապարհին երեխա չի ունենա. Եղվարդի ծննդատան փակվելու դեմ բողոքող քաղաքացի
Քիչ առաջ Operativ լրատվականը նշել էր, որ այսօր Եղվարդի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիա էր ընթանում:
Եղվարդի ծննդատան փակվելու դեմ բողոքող քաղաքացիները վրդովված են և պնդում են, թե ծննդատունը փակելու հարցում ոչ մեկ իրենց կարծիքը չի հարցրել:
«Էդ համապատասխան մարդիկ չգա՞ն մի հատ հարցնեն, փակենք, թե չփակենք: Ճանապարհը չէ, հլա ծննդատնից խոսենք, եթե փակեն, նոր ճանապարհն էլ կփակենք: Բա հեղափոխության ժամանակ սովորեցինք, որ կարանք ճանապարհ փակենք, էդ Թորոսյանը ճանապարհ փակելով եղավ Թորոսյան»,-ասաց նա: Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից, որ Բուժական համայնքից էր, ասաց, որ Երեւանում ծննդատները շատ են եւ պետք է մտածեն մարզերում էլ ծննդատներ բացելու, որշչ թե փակելու մասին:
«Օրինակ Բուժականը Երեւանից 60 կմ հեռու է, ինչքանով է նախարարը վստահ, որ իմ կնիկը ճանապարհին երեխա չի ունենա, պրիմիտիվ բան է, չէ՞, թեկուզ 20 կմ լինի հեռավորությունը: Էս հարցը ոնց է լուծելու, մարդ կա հնարավորություն չունի, ու մահերն են շատանալու, մեքենայի մեջ երենխա ունեցավ, ինչ պետք է լինի: Առանց ժողովրդին հարցնելու, դրել են փակում են, բայց էս 20 գյուղի ժողովուրդն էլ կարող է մի նենց բան որ… չի կարելի տենց մտածել: Ախր նենց բան են անում, ոնց որ դիտավորյալ մտածված լիօնի»,-ասաց նա` նշելով, որ բժշկական կենտրոնի 2 շտապօգնության մեքենաները չեն հասցնի սպասարկել բնակչությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։
Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, այդ խնդրի պատճառով։