Գերմանիայում նկատվում է քաղաքական գործիչների նկատմամբ հանցագործությունների աճ
2019 թվականին Գերմանիայում պաշտոնատար անձանց նկատմամբ հանցագործությունների թիվը մեծացել է: Այդ մասին կիրակի՝ հունվարի 12-ին, հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով սեփական հարցման արդյունքներին, որն անցկացրել է մի շարք դաշնային հողերի ՆԳՆ-ի շրջանում, հաղորդում է DW-ը:
Հարցման տվյալներով, օրինակ, Ներքին Սաքսոնիայում այդպիսի հանցագործությունների թիվն աճել է՝ 2018 թվականին գրանցված 108-ից 2019 թվականին հասնելով 167-ի, իսկ Բադեն Վյուրթենբերգում՝ 81-ից 104-ի:
Գերմանիայի արեւելքում այդ ցուցանիշը շատ ավելի շոշափելի չափով մեծացել է: Այսպես, Սաքսոնիայում այն գրեթե կրկնապատկվել է՝ 99-ից 197, իսկ Թյուրինգիայում աճել ավելի քան երկու անգամ՝ 43-ից 101: Բեռլինում պաշտոնատար անձանց վրա հարձակումների թիվը վերջին տարիներին աննշան է ավելացել՝ 143-ից հասնելով 159-ի: Միեւնույն ժամանակ Բավարիայում այն բավականին կրճատվել է՝ 232-ից հասնելով 134-ի:
Գերմանիայում 2019 թվականին տեղի քաղաքական գործիչներից ամենահնչեղը Քասել ադմինիստրատիվ շրջանի ղեկավար Վալտեր Լյուբկեի սպանությունն էր. Լյուբկեն սատարում էր փախստականներին: Նրան սպանել էին մոտ հեռավորությունից գլխին կրակելով, իսկ նրա մարմինը հայտնաբերել էին հունիսի 2-ի լույս գիշերը Վոլֆհագենում իր տան պատշգամբում: Գերմանիայի դաշնային դատախազությունը օրդեր էր տվել Շտեֆան Է.-ին ձերբակալելու մասին, քանի որ հանցանքի վայրում հայտնաբերվել էին նրա ԴՆԹ-ի հետքերը: