Ամեն գնով ՀԴՄ կտրոն տպագրելու այս մոլուցքից պետք է ազատվել.Սուրեն Պարսյան. (Տեսանյութ)
Ամեն գնով ՀԴՄ կտրոն տպագրելու այս մոլուցքից պետք է ազատվել, ավելի կարեւոր, առաջնահերթ խնդիրներ ունենք, որոնցով, ցավոք, չենք զբաղվում։ Այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
«ՀԴՄ-ների տպագրության հաշվին էր նաեւ, որ կառավարությունը ապահովեց 7.5 տոկոս տնտեսական աճ։ Մանրածախ առեւտուրը 2019-ի ընթացքում աճեց մոտ 12 տոկոսի չափ, եւ եթե չլիներ այս ՀԴՄ կտրոնների տպագրությունը, տնտեսական աճի ցուցանիշը բավականին ցածր կլիներ։ 2020-ի համար եւս նրանք այդ խնդիրն ունեն, նաեւ խնդիր ունեն ստվերը հնարավորինս բացահայտելու։ Եւ այս գործընթացին որոշեցին մասնակից դարձնել հանրությանը, մոռանալով, որ իրենց պարտավորությունն է ստվերի կրճատումը եւ իրենք պետք է մշակեն այնպիսի վարչական մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերահսկել տնտեսությունը։ Այդ մեխանիզմները, որոնք ունի կառավարությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, պետք է օգտագործի ամբողջ ծավալով։ Քաղաքացիներին ամեն կերպ ներառելը կառավարման գործընթացներում, կարծում եմ, ճիշտ չէ»։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի. «Մենք չպետք է մտածենք ՀԴՄ կտրոնի տպագրության մասին, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք։ Ենթադրենք բոլոր ՀԴՄ կտրոնները տպագրվեցին, դրանից ի՞նչ շահեց տնտեսությունը, պետությունը։ Եթե կարծում ենք, թե պատժելով կարող ենք որեւէ արդյունքից հասնել, ապա ասեմ, որ որեւէ գյուղի խանութ տուգանելով ուղղակի այդ խանութը կփակենք։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք առաջնահերթությունը։ Ունենք լավ հնարավորություններ. 2019-ի հոկտեմբերի 27-ից ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-Իրան Ազատ առեւտրի համաձայնագիրը, որը լավ հնարավորություն է տալիս արտահանում իրականացնել այս ուղղությամբ, չենք օգտվում, դրա մասին չենք տեղեկացնում հանրությանը։ Մեր բիզնեսն, ըստ էության, սպասողական վիճակում է, քաղաքական ռիսկերը բարձր են, գործարարները չեն կարող կանխատեսել իրավիճակը 1-2 տարվա կտրվածքով, էներգակիրների գներն անվերահսկելի են։ 2020-ին բնական գազի գինը կբարձրանա, էլեկտրաէներգիայի սակագինը կարող է փոխվել, սրանք են բիզնեսի համար առաջնահերթությունները, որպեսզի ծրագրեն իրենց մեկ տարվա տնտեսական գործունեությունը»։